Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Եղած-չեղած պետական ընկերությունները

Եղած-չեղած պետական ընկերությունները
29.09.2009 | 00:00

Պետական ընկերությունների մասնավորեցման գործընթացը կրկին սկսված է։ Կամ էլ, ճիշտ է ասել, երկարատև դադարից հետո կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը կրկին խաղի մեջ է։ Գործադիրն անցած շաբաթ որոշեց թվով 6` «Ընդերքաբան», «Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Կապուտակ», «Նարեկ» հանգստյան տուն ՊՓԲ-ներն օտարել ֆոնդային բորսայի միջոցով։ Թվում էր, թե անկախությունից 18 տարի հետո մեր երկրում մասնավորեցնելու էլ բան չի մնացել, բայց պարզվում է, որ նախորդ կառավարությունները գթասիրտ են եղել և չեն մոռացել իրենցից հետո «փայ» թողնել իրենց գործընկերներին։ Ո՛չ, չկարծեք, թե մենք դեմ ենք ազատ տնտեսական քաղաքականությանը, ուղղակի ցանկալի կլիներ, որ, հետևելով նույն խոշոր զարգացած երկրների փորձին, ռազմավարական խիստ կարևոր նշանակության օբյեկտները մնային պետական։ Սակայն այս ամենն արդեն անցած է, իսկ այս պահին նկատենք, որ պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը լրագրողներին հայտնեց, որ գործընթացն իրականացվելու է փուլերով։ Այսինքն` քանի՞ ընկերություն դեռ պետք է ներկայացվի մասնավորեցման։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք ԿԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ։
-Ես չասացի` փուլային։ Մենք ընկերություններն ըստ ցանկի ներկայացրել ենք մասնավորեցման, և ֆոնդային բորսան ինքն է ընտրել նշված վեց ընկերությունները` հիմք ընդունելով այդ ընկերությունների հանդեպ նկատվող հետաքրքրությունները,- մանրամասնեց տիկին Կիրակոսյանը։- Այս պահին չեմ կարող ասել, թե հաջորդ անգամ ֆոնդային բորսան ո՞ր ընկերությունները մասնավորեցման նպատակով գրավիչ կհամարի։
-Այդ դեպքում հարցս այլ կերպ ձևակերպեմ. այս պահի դրությամբ քանի՞ փակ բաժնետիրական ընկերություն կա, որոնց բաժնետոմսերի հարյուր տոկոսը պետական է մնացել։
-Ոչ միայն նշված ցուցակում ընդգրկված օբյեկտները, այլև դրանցից դուրս գտնվող ընկերությունները նույնպես մեր հաշվառման ցուցակներում են։ Եվ եթե ամբողջը միասին հաշվենք, ապա հարյուր տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների թիվը մոտ 460 է։ Բոլորն էլ գտնվում են պետական գույքի կառավարման վարչության հաշվառման մեջ։ Նշված 460 ընկերությունների թվին պետք է գումարել ևս 35-ը, որոնք գտնվում են ֆինանսների նախարարության հաշվառման տակ։
-Կարելի՞ է ճշտել, թե այդ ընկերությունները ո՞ր ոլորտներն են ներկայացնում, և դրանց գերակշիռ մասը ո՞ր ոլորտին է պատկանում։
-Մեր հաշվառման բազայում գտնվող ընկերությունները տարբեր են, բազմազան և գտնվում են տարբեր կառավարման մարմինների ենթակայության տակ։
-Դրանք խոշո՞ր ընկերություններ են։
-Փոքր և միջին։ Իսկ խոշոր ընկերությունները հաշվառված են ֆինանսների նախարարության բազայում։ Այսինքն` խոսքը քիչ առաջ նշված թվով 35 ընկերությունների մասին է։ Այդ ընկերություններում որոշակի ծրագրեր են իրականացվում։
-Այսինքն` ես ճի՞շտ հասկացա` այս պահին պետությունը որոշել է աստիճանաբար մասնավորեցնել եղած մյուս պետական փակ բաժնետիրական ընկերությունները։
-Ո՛չ բոլորը։ Դա պայմանավորված կլինի նպատակահարմարության, կառավարման արդյունավետության խնդիրներով։ Հաշվի առնելով դրանք, ընկերությունները կարող են ընդգրկվել մասնավորեցման ծրագրում։
-Իսկ կարելի՞ է իմանալ ռազմավարական նշանակության ի՞նչ ընկերություն է մնացել, որը հարյուր տոկոս պետական բաժնեմաս ունի։
-Կոնկրետ այդ թիվը չեմ կարող ասել, քանի որ ռազմավարական նշանակության ընկերությունները գտնվում են տարբեր նախարարությունների ենթակայության տակ և նրանց կառավարման ոլորտում են։
-Բայց, կարծում եք, այդպիսիք մնացե՞լ են, կա՞ն։
-Իհարկե, կան։ Ինչո՞ւ եք կասկածո՞ւմ։
-Ոչ թե կասկածում եմ, այլ նկատի ունենալով իրողությունը, կարծում եմ, որ այդպիսիք չկան, եթե անգամ կան էլ, ապա շատ չնչին տոկոս են կազմում։
-Չէ՛, ինչո՞ւ, կա՛ն։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հ. Գ.
-Թեև պետական գույքի կառավարման վարչության պետը համոզված է, որ ՀՀ-ում կա պետական բաժնեմասով ռազմավարական նշանակության օբյեկտ, այնուհանդերձ, մեկ-երկուսն անվանական չնշեց։ Ինչևէ։ Հետաքրքրական է և այն, որ օտարման հերթագրված 6 ընկերություններն էլ, Կարինե Կիրակոսյանի փոխանցմամբ (ասուլիսի ժամանակ), նորմալ աշխատող ընկերություններ են։ Այդ դեպքում ինչո՞ւ են դրանք մասնավորեցվում, գուցե պետբյուջեի համալրման խնդի՞րն է պատճառը։

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ